2014

Երեւանում մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն է բացվել՝ զինված աշխարհում եզակի վիրահատարանով

Երեւանում մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն է բացվել՝ զինված աշխարհում եզակի վիրահատարանով

22.09.2014

Երեւանում սեպտեմբերի 22-ին «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» է բացվել՝ Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տարածքում՝ զինված աշխարհում եզակի վիրահատարանով, որտեղ հնարավոր է ժամկետից շուտ ծնված երեխաների կուրացումը կանխարգելող վիրահատություններ իրականացնել:

Հայաստանում երեխաների մոտ 10 տոկոսը անհաս է ծնվում եւ անհասության ռետինոպաթիայի ու կուրության զարգացման ռիսկային խմբում ընդգրկվում: Հիվանդության առաջացման պարագայում այդ երեխաներին կարող էին միայն Հայաստան այցելող օտարերկրյա մասնագետները օգնել, կամ էլ հարկավոր էր նրանց վիրահատությունն այլ երկրներում կազմակերպել, ինչն էլ այսօր արդեն հնարավոր է հենց Հայաստանում իրականացնել: Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին լրագրողներին կենտրոնի եւ վիրահատարանի մասին է պատմել: «Այս վիրահատարանը եզակի է՝ նմանատիպը չկա աշխարհում», - ասել է նա: - «Բոլոր սարքավորումները երեխաների կուրությունը կանխարգելելու համար են: Սրանք ծննդատանը հանձնված ամենաժամանակակից սարքավորումներն են: Նման բան նույնիսկ ԱՄՆ-ում չունենք»: Մասնագետի փոխանցմամբ, սովորաբար նման սարքավորումներ ակնաբուժական հիվանդանոցներում են լինում, սակայն երբեմն նորածիններին, որոնց կուրություն է սպառնում, անհնար է ակնաբուժական հիվանդանոց տեղափոխել, այդ իսկ պատճառով, շատ լավ է եւ հարմար, երբ վիրահատարանը ծննդատանը մոտ է լինում: Այստեղ տեղադրված է նաև բժշկական սարքավորումների բնագավառում առաջատար Carl Zeiss ֆիրմայի արտադրության Opmi Lumera 700 վիրահատական մանրադիտակը, որը թույլ է տալիս անցկացնել ակնաբուժական վիրահատություններ բարձր ճշգրտությամբ։ Վիրահատարանի եզակիությունը նաեւ նրանում է կայանում, որ համացանցին է միացված. այնտեղ տեղի ունեցող ամեն ինչ հեռարձակվում է համացանցով, այնպես որ օտարերկրյա մասնագետները՝ նույնիսկ աշխարհի հեռավոր ծայրում գտնվելով, կարող են դիտել գործընթացը եւ խորհուրդներ տալ: Այսպիսով, Թոմաս Լիի փոխանցմամբ, համաշխարհային մակարդակի մասնագետները կարող են հեռակա կերպով ներգրավված լինել վիրահատություններում: Հարկ է նշել նաեւ, որ, քանի որ տարածաշրջանում նմանատիպ կենտրոններ չկան, Երեւանի «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը» մեծ նշանակություն ունի ողջ տարածաշրջանում: Կենտրոնում առաջին վիրահատությունն արդեն իսկ վաղն է տեղի ունենալու. խոսքը մի փոքրիկ երեխայի մասին է՝ Ռուսաստանից, ում մոսկովյան բժիշկներն օգնել չէին կարող, ուստի եւ ծնողները որոշել են Հայաստան բերել: Կենտրոնը Ռոջեր Օհանեսյանի, USAID-ի, AECP-ի, ՀՀ Առողջապահության նախարարության, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի եւ Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի աջակցությամբ է բացվել: Բացման արարողությանը ներկա էին ԱՄՆ փոխդեսպանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, ՀՀ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նախագահ Ռազմիկ Աբրահամյանը եւ բազմաթիվ այլ հյուրեր:

Фотографии

Фотографии

Բոլոր նորությունները